Իրաքում սկսվել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների զինաթափման գործընթացը, հայտնում է Associated Press-ը։
Ըստ աղբյուրի՝ այս գործընթացը տեղի է ունենում Թուրքիայի հետ խաղաղության ծրագրի շրջանակում։ Զինյալների մի խումբ, որը կապված է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ, զենք է հանձնել խորհրդանշական արարողության ժամանակ՝ Սուլեյմանիայի մոտակայքում գտնվող ճամբարում։
Այս գործընթացը նախաձեռնել են Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային իշխանությունները՝ Թուրքիայի և միջազգային աջակցությամբ, և այն նպատակ ունի զինյալներին կա՛մ ինտեգրել քաղաքացիական կյանքում, կա՛մ տեղափոխել այլ երկրներ:
ՄԱԿ-ը և ԱՄՆ-ն ողջունել են այս քայլը՝ նշելով, որ դա կարող է հիմք ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության համար։ Ըստ կայքի՝ զենքի հանձնումը կավարտվի մինչև սեպտեմբեր։
Կուսակցությունը, որն արդեն չորս տասնամյակ ապստամբում է Թուրքիայի դեմ և ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից, մայիսին որոշում էր կայացրել լուծարվել։ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը սա անվանել էր «կարևոր քայլ դեպի ահաբեկչությունից զերծ Թուրքիա»։