Եմենում գործող «Անսար Ալլահ» շարժման հուսիթներն առևանգել են հունական Eternity C բեռնանավի անձնակազմի անդամներին, որը Կարմիր ծովում խորտակվել էր շարժման հարձակման հետևանքով, հայտարարել է Եմենում ԱՄՆ դեսպանատունը։
«Հուսիթներն առևանգել են Eternity C-ի ողջ մնացած անձնակազմի շատ անդամների՝ մի քանի նավաստիների սպանելուց, նավը խորտակելուց և փրկարարական գործողություններին խոչընդոտելուց հետո: Պահանջում ենք նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակել։ Հուսիթները շարունակում են աշխարհին ցույց տալ, թե ինչու է ԱՄՆ-ն իրենց ահաբեկչական կազմակերպություն ճանաչել»,- ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Կարմիր ծովում հուսիթների խորտակած Eternity C նավի անձնակազմից չորս մարդ զոհվել է, 15-ը համարվում են անհետ կորած: Հուլիսի 9-ին փրկարարները ջրից դուրս են բերել անձնակազմի վեց անդամի, որոնք այնտեղ անցկացրել են ավելի քան մեկ օր: Փրկվածների թվում են հինգ ֆիլիպինցիներ և մեկ հնդիկ, փոխանցում է AP-ն։ Ընդհանուր առմամբ Eternity C-ում գտնվել է 25 մարդ։