Կատարում ամերիկյան Ալ-Ուդեյդ ավիաբազայի վրա հարձակման հետևանքով զոհեր կամ տուժածներ չկան, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Էմիրության պաշտպանության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ Կատարի ՀՕՊ ուժերը հաջողությամբ որսացել են Իրանի կողմից արձակված հրթիռները։
Կատարի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում բնույթին և մասշտաբներին համաչափ ուղիղ պատասխան տալ:
Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի հարվածը «Կատար պետության ինքնիշխանության և օդային տարածքի, ինչպես նաև միջազգային իրավունքի և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության աղաղակող խախտում է»:
Իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Կատարում ԱՄՆ-ի ռազմակայանը վեց հրթիռ է խոցել:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ բազայի վրա հարձակման ժամանակ օգտագործել են նույն քանակությամբ հրթիռներ, ինչ ԱՄՆ-ն Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման ժամանակ:
Խորհուրդն ընդգծել է, որ Իրանի հարվածն ԱՄՆ-ի ռազմակայանին սպառնալիք չի ներկայացնում Կատարի համար:
Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Իրանը Կատարի վրա հարձակումից մի քանի ժամ առաջ ԱՄՆ-ին երկու դիվանագիտական ուղիներով տեղեկացրել է ծրագրվող հարվածի մասին: Թեհրանը նաև նախապես տեղեկացրել է Կատարին ԱՄՆ-ի ռազմակայաններին հասցված հարվածների մասին։
Այսօր ավելի հայտնել էինք, որ Իրանը հրթիռներ է արձակել Մերձավոր արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։
ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 13-ից իսրայելցի զինվորականները գործողություններ են իրականացնում Իրանի դեմ՝ հարվածներ հասցնելով նաև երկրի միջուկային օբյեկտներին: