Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ Իրանի ԱԳՆ ղեկավարը մտադիր է խորհրդակցել Ռուսաստանի ղեկավարի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ՝ Իսլամական Հանրապետության տարածքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների հետ կապված։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Պաշտոնական Երևանը դատապարտել էր Իսրայելի միակողմանի հարձակումն Իրանի վրա։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին: Հունիսի 22-ի գիշերն ԱՄՆ-ն հարձակվել էր Իրանի երեք միջուկային օբյեկտի վրա։