Իրանի խորհրդարանը եկել է այն եզրակացության, որ անհրաժեշտ է փակել Հորմուզի նեղուցը, ասել է Ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի անդամ Էսմայիլ Քոսարին։
«Խորհրդարանը եզրակացրեց, որ Հորմուզի նեղուցը պետք է փակվի, սակայն այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կայացնում է Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը»,- նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Իր հերթին՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷԿ) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է շարունակել իր միջուկային ծրագրի զարգացումը: Նրա խոսքով՝ Իրանը հույս ունի հնարավորինս շուտ վերականգնել ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հասցված գիշերային հարվածների հետևանքով պատճառված վնասը։
Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադիի խոսքով՝ Թեհրանն սպասում էր Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա հարձակմանը։ Նրա խոսքով՝ օբյեկտը վաղուց տարհանվել է և անդառնալի վնաս չի կրել։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Պաշտոնական Երևանը դատապարտել էր Իսրայելի միակողմանի հարձակումն Իրանի վրա։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին: Հունիսի 22-ի գիշերն ԱՄՆ-ն հարձակվել էր Իրանի երեք միջուկային օբյեկտի վրա։