ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 14-16-ը կմեկնի Թուրքիա՝ Անթալիայում մասնակցելու ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինք) արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, հայտնել են Պետդեպից։
Նշվում է, որ հանդիպմանը կքննարկեն Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգության առաջնահերթությունները, ներառյալ՝ պաշտպանական ոլորտում դաշնակիցների ներդրումների ավելացումը։ Հանդիպման օրակարգում է նաև ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հարցը։
«Պետքարտուղար Ռուբիոյի հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ կնպաստեն գլոբալ և տարածաշրջանային խնդիրներին լուծումներ գտնելուն, երկկողմ առևտրի և ներդրումների ընդլայնմանը և մեր ռազմավարական գործընկերային հարաբերությունների վերահաստատմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Fox News Digital-ը մարտին գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու և նրան F-16 կործանիչների վաճառքը վերսկսելու հարցը։
Վաշինգտոնի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցները սահմանվել էին, երբ Անկարան 2017-ին ձեռք էր բերել ռուսական С-400-ներ, ինչը մտահոգություն էր առաջացրել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների մոտ: 2024-ին ԱՄՆ Կոնգրեսը չէր առարկել Թուրքիային F-16-ների վաճառքին, քանի որ Անկարան հավանություն էր տվել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի դաշինքին միանալուն։
Մայիսի 5-ի հեռախոսազրույցում Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահին հրավիրել էր Թուրքիա: