ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և ազգային անվտանգության խորհրդի այլ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, հայտնում է Fox News-ը։
Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը Fox News-ին ասել է, որ Ուոլցն «առաջինն է, բայց, իհարկե, վերջինը չէ»։ Աշխատանքից ազատվածների թվում է նաև Ուոլցի տեղակալ Ալեքս Վոնգը։
Politico-ի տվյալներով՝ պաշտոնանկության դեպքում Ուոլցին որպես պաշտոնի հիմնական թեկնածու դիտարկում են Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆին:
Մարտին Ուոլցը հայտնվել էր ուշադրության կենտրոնում, երբ սխալմամբ The Atlantic հրատարակությունից Ջեֆրի Գոլդբերգին ներառել էր Signal մեսենջերի փակ չաթում՝ բացահայտելով ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումները Եմենում հուսիթների թիրախներին ռազմական հարված հասցնելու պլանների մասին: