Սիրիայում Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո բռնաճնշումների հետևանքով ավելի քան 1300 մարդ է զոհվել, բռնությունները շարունակում են աճել, գրում է ֆրանսիական Le Monde թերթը։
Le Monde-ի տվյալներով, ընդհանուր առմամբ, 2025 թվականի մարտին միջհամայնքային հակամարտության զոհերի թիվը կազմել է 1334 մարդ, ինչը հաստատվել է Մարդու իրավունքների սիրիական ցանցի տվյալներով:
Հոմսում, որտեղ գոյություն ունի ալավիների հսկայական համայնք (կրոնական փոքրամասնություն, որն իշխանության ղեկին է եղել նախկին ռեժիմի օրոք-խմբ․), առևանգումների և սպանությունների դեպքերը հաճախակիացել են:
Միայն Սնուբար գյուղում մարտին մի քանի օրվա ընթացքում զոհվել է մոտ 300 մարդ, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է, հավելել է թերթը։
Ինչպես նշում է Le Monde-ը, նոր իշխանությունը չի կարողանում համարժեք արձագանքել բռնություններին: Սպանությունների հետաքննությունը բարդանում է, բայց հետքերը մատնանշում են թուրքամետ խմբավորումներին ու արմատական իսլամիստներին, որոնք ինտեգրված են ոստիկանության նոր կառույցներին:
Թերթը գրել է, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, բռնությունը կարող է նորմ դառնալ հետպատերազմյան Սիրիայում։
Սիրիայի նոր իշխանություններն ապրիլի կեսերին հայտնել էին պետական հեղաշրջումը կանխելու մասին։ Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ հատուկ ծառայություններին հաջողվել է կանխել հեղաշրջման փորձը, որը նախապատրաստում էին երկրի նախկին ղեկավար Ասադի բանակի սպաները:
Մարտին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ասադի կողմնակիցների կողմից սպառնալիքները վերացնելու ծրագրերի մասին։ Սա համընկել էր ափամերձ տարածքներում կառավարական ուժերի և ալավիական խմբավորումների միջև տեղի ունեցած բախումների ու էթնիկ զտումների հետ, որոնց հետևանքով տուժել էին նաև հայեր։