Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիր տարածաշրջանի Պախալգամ քաղաքում երեկվա ահաբեկչության հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել, 17-ը վիրավորվել են, հայտնում է The Guardian-ը:
2 կամ 3 անհայտ անձ կրակ է բացել զբոսաշրջիկների ուղղությամբ։
Քաշմիրը գտնվում է վիճելի տարածքում, որին հավակնում են Հնդկաստանը և Պակիստանը։ Թեպետ այստեղ բնակչությունը հիմնականում մահմեդական է, տարածքը գտնվում է Նյու Դելիի վերահսկողության տակ:
Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Քաշմիրի դիմադրություն» խմբավորումը, որը հանդես է գալիս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայության դեմ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ընդհատել է Սաուդյան Արաբիա կատարած պաշտոնական այցը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
«Խորապես վշտացած եմ տեղի ունեցած հրեշավոր ահաբեկչական գործողությունից։ Անկեղծորեն ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով»,- հայտարարել է նա։
Փաշինյանը հավելել է, որ հայ ժողովրդի մտքերն ու աղոթքներն այժմ Հնդկաստանի բարեկամ ժողովրդի հետ են: