ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իրանը ուղիղ բանակցություններ են սկսում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, հայտնում է Reuters-ը։
«Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ, և դրանք սկսվել են: Դրանք կշարունակվեն շաբաթ օրը: Մենք շատ մեծ հանդիպում կունենանք և կտեսնենք, թե ինչ կարող է լինել», – լրագրողներին ասել է Թրամփը:
Նա հավելել է, որ Իրանի հետ գործարք կնքելը նախընտրելի է։
Փետրվարին ԱՄՆ նախագահը հրամանագիր էր ստորագրել Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը վերականգնելու մասին։ Ավելի ուշ նա հայտարարել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին՝ առաջարկելով քննարկել միջուկային ծրագիրը: Խամենեին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողության, ինչպես նաև մերժել էր Վաշինգտոնի հետ բանակցությունների հնարավորությունը: Մարտին Թեհրանը հայտնել էր, որ Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել է ուղիղ բանակցություններ վարել, սակայն հայտարարել էր անուղղակի երկխոսության հնարավորության մասին:
Ապրիլի 6-ին Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Համիդ-Ռեզա Հաջի Բաբային հայտարարել էր, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում բացի իր միջուկային ծրագրից այլ բան չի քննարկի։