ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է օգնել, որպեսզի Ուկրաինայում հակամարտությունն ավարտվի և երբեք չկրկնվի, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիտը։
«Այս սարսափելի հակամարտությունը երբեք չպետք է սկսվեր, բայց նա մտադիր է վերջնականապես վերջ տալ դրան»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ «նախագահ Թրամփը բազմիցս ասել է, որ այն գումարները, որոնք և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը ծախսում են այս պատերազմի վրա, ավելի լավ կլիներ ծախսել (այս երկրների) ժողովրդի կարիքների վրա»:
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։
Մարտի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Մարտի 11-ին Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Ռուսաստանը համաձայնել էր ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին այն պայմանով, որ դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության:
Մարտի 18-ին Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել էր 30 օրով դադարեցնել հարվածներն Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին։