ԱՄՆ-ն դեռ չի քննարկել Եմենում հութիների դեմ ցամաքային ռազմական գործողության անհրաժեշտությունը, CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Այդ որոշումները պետք է կայացնեն զինվորականները, բայց ես ցամաքային հարձակումների մասին որևէ խոսակցություն չեմ լսել: Չեմ կարծում, որ հիմա դրա կարիքը կա»,- ասել է նա:
Մարտի 15-ին ԱՄՆ Զինված ուժերը նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սկսել էին զանգվածային հարվածներ հասցնել Եմենի տարածքին, որը գտնվում է հութիների վերահսկողության տակ: ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ գործողությունն ուղղված է ամերիկյան շահերի պաշտպանությանը և նավարկության ազատության ապահովմանը: «Անսար Ալլահ» շարժումը խոստացել էր պատասխանել էսկալացիային՝ միաժամանակ պնդելով, որ գնդակոծության են ենթարկվում քաղաքացիական օբյեկտները: Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել էր 31-ի։