Լաթաքիա նահանգում վերսկսվել են բախումները Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի և երկրի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի զինված կողմնակիցների միջև, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al-Ikhbaria հեռուստաալիքին։
Նշվում է, որ Հանրային անվտանգության վարչությունը լրացուցիչ ուժեր է ուղարկել Տարտուս նահանգում գտնվող Ալ-Քադմուս քաղաք՝ «տարածաշրջանում անվտանգությունն պահպանելու, կայունությունը բարձրացնելու և անդորրը վերականգնելու նպատակով»։
SANA գործակալությունը հայտնել է, որ երկրի հարավում և հարավ-արևմուտքում գտնվող Դարաա և Աս-Սուվեյդա նահանգներում խափանվել են բջջային հեռախոսակապի և ինտերնետի ծառայությունները: Գործակալության տեղեկություններով՝ դիվերսիայի հետևանքով կտրվել են Դարայի և Դամասկոսի միջև մալուխները։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք մեկ շաբաթվա ընթացքում գրավել էին երկրի բոլոր խոշոր քաղաքները՝ Հալեպը, Համան, Հոմսը և Դամասկոսը: Ավելի ուշ՝ դեկտեմբերին, այս խմբերը ձևավորել էին նոր կառավարություն՝ ներառյալ նոր պաշտպանության նախարարությունը:
«Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը հունվարի 13-ին Armenia Today-ին հայտնել էր, որ հայկական համայնքի նկատմամբ նոր իշխանությունների վերաբերմունքը շատ հարգալից է։
Մարտի 6-ին Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում բախումներ էին սկսվել անվտանգության ուժերի և նախկին նախագահի կողմնակիցների զինված խմբերի միջև։ Ամենածանր բախումները տեղի են ունեցել Ջեբլա քաղաքում, որտեղ ապրում են ալավիները՝ կրոնական փոքրամասնություն, որին պատկանում է Ասադների ընտանիքը։ Մարտի 7-ին նոր իշխանությունները վերահսկողության տակ էին վերցրել Լաթաքիա քաղաքը՝ հեռացնելով Ասադի զինված կողմնակիցներին։ Բախումների հետևանքով զոհվել էր մոտ 200 անձ։ Մարտի 8-ին «Գանձասար»-ը հայտնել էր, որ Լաթաքիայի հայերին հրահանգվել է տներից դուրս չգալ, ավելի ուշ` տեղեկացրել, Լաթաքիայում կրակոցներից երկու հայերի զոհվելու մասին։