Ադրբեջանն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունն իր երկրում դադարեցնելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել Վաշինգտոնին, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեին։
ԶԼՄ-ները հիշեցրել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունն այն մասին, որ USAID-ն Ադրբեջանում գործունեություն ծավալելու իրավական հիմք չունի։
Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով իրենց աղբյուրներին, գրել են, որ Բաքուն պաշտոնական ծանուցում է ուղարկել նաև ռուսական կողմին՝ Ադրբեջանի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։
Փետրվարի 3-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենտրոնակայանը։ Նշվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է USAID-ը Պետքարտուղարության հետ միավորելու հարցը։
«Հրապարակը» փետրվարի 5-ին գրել էր, որ USAID-ի գործունեությունը դադարեցնելու որոշումը խուճապ է առաջացրել Հայաստանում, քանի որ քաղակտիվիստների մի մեծ խումբ տարիներ շարունակ սնվում էր ամերիկյան ծրագրերից։