Ֆրանսիայում ավելի քան 100 մարդ կպարգևատրվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման գործում ունեցած ավանդի համար, որը վերաբացվել է դեկտեմբերի 7-ին, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով հանրապետության պաշտոնական ամսագրի կայքում հրապարակված հրամանագրերը:
Ընդհանուր առմամբ՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը տաճարի վերակառուցման գործում ունեցած վաստակի համար 101 մարդու կոչում և պարգև շնորհելու մասին վեց հրամանագիր է ստորագրել:
Առաջին երեք հրամանագիրն ընդգրկում է այն մասնագետների անունները, ովքեր կպարգևատրվեն «Պատվո լեգեոնի» շքանշանով, մյուսները՝ «Արժանիքների համար» շքանշանով։
Աստվածամոր տաճարի վերակառուցման համակարգող Ֆիլիպ Ժեստը կբարձրացվի «Պատվո լեգեոնի» շքանշանի կոմանդորի աստիճանի, նախկինում նա ուներ շքանշանի սպայի կոչում: 33 մարդ կդառնա շքանշանի ասպետներ, նրանց թվում են տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, ճարտարապետներ, վերականգնողներ և այլ մասնագետներ, 67 մարդ կդառնա «Արժանիքների համար» շքանշանի ասպետ։
Փարիզում դեկտեմբերի 7-ի երեկոյան տեղի էր ունեցել Փարիզի Աստվածամոր տաճարի բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։
Տաճարը հանդիսավորությամբ բացվել էր հինգ տարվա վերականգնումից հետո, որն իրականացվել էր 2019 թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցած հրդեհի պատճառով։ Այն վերականգնվել էր ավելի քան հազար վարպետների կողմից, ամբողջ աշխարհի 150 երկրից տաճարի վերականգնման համար հավաքվել էր ավելի քան 880 մլն դոլար նվիրատվություն: Արարողությունից հետո Մակրոնն ու նրա կինը՝ Բրիջիթ Մակրոնը, ի պատիվ բարձրաստիճան հյուրերի Ելիսեյան պալատում հանդիսավոր ընթրիք էին կազմակերպել։