Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում մարտերը դադարեցնելու վերաբերյալ հրադադարի պայմանագիր են ստորագրել, իսկ 2023 թվականի հոկտեմբերին գերեվարված պատանդներն ու մահացածների մարմինները կվերադարձվեն Իսրայել, հայտնել է Jerusalem Post թերթը։
15-ամսյա պատերազմը կասեցնելու համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ-ի, Կատարի ու Եգիպտոսի միջնորդությամբ, նշում է հրատարակությունը։ Միաժամանակ, ինչպես գրում է Times of Israel-ը, Իսրայելի կառավարությունը համաձայնագիրը պաշտոնապես կհաստատի միայն շաբաթ օրը՝ հունվարի 18-ին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ հրադադարն ուժի մեջ կմտնի անմիջապես՝ չնայած իսրայելցի նախարարների ծրագրերին։
Հրադադարի նախնական փուլը՝ պատանդների փոխանակմամբ, պետք է տեղի ունենա 6 շաբաթվա ընթացքում։ Այս ընթացքում պաղեստինյան խմբավորումը պետք է ազատի 33 իսրայելցի պատանդի, այդ թվում՝ 50-ն անց բոլոր կանանց, երեխաներին և տղամարդկանց։
Երկրորդ փուլի բանակցությունները կսկսվեն առաջին փուլի 16-րդ օրը և կներառեն մնացած պատանդների ազատ արձակումը, մշտական զինադադարի ձեռքբերումը և Իսրայելի զորքերի ամբողջական դուրսբերումը Գազայից:
Երրորդ փուլը կներառի մահացածների մարմինների վերադարձը և Գազայի հատվածի վերականգնման սկիզբը՝ Եգիպտոսի, Կատարի և ՄԱԿ-ի հսկողության ներքո։
Ինչպես հաղորդել էր մամուլը՝ ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես հաստատել էր, որ համաձայնության է եկել Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի շուրջ։ Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին հայտարարել է, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից։ Նա հաստատել էր, որ ՀԱՄԱՍ-ն Իսրայելի հետ գործարքի առաջին փուլում ազատ կարձակի 33 պատանդի։ Ալ Թանիի խոսքով՝ միջնորդները Գազայի հատվածից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումն ապահովելու համար բանակցությունների շարունակության երաշխավորներն են։
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով երկրում զոհվել է մոտ 1200 մարդ, իսկ ավելի քան 240-ը պատանդ են մնացել: 2023 թվականի նոյեմբերի վերջին ժամանակավոր զինադադարի ժամանակ ավելի քան 100 պատանդ էր ազատվել։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հունվարի 15-ի դրությամբ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել էր 46 707-ի, վիրավորվել էր 110 265 մարդ։