Հորմուզի նեղուցով առևտրային նավերի տեղաշարժը գրեթե դադարել է այն ֆոնին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուսումնասիրում է Թեհրանի ներկայացրած խաղաղության նոր առաջարկը, հայտնել է Bloomberg գործակալությունը:
Համաձայն գործակալության տվյալների՝ կիրակի առավոտյան Պարսից ծոցը լքել է միայն մեկ իրանական բալկերային նավ, իսկ շաբաթ օրը գրանցվել է ընդամենը հինգ նավի ելք:
Մուտքային տրաֆիկը նույնպես խիստ սակավաթիվ էր. կիրակի առավոտյան արձանագրվել է մեկ իրանական բեռնատար նավի մուտք, իսկ շաբաթ օրը՝ երկու բալկերի, մեկ տանկերի և մեկ գազատարի մուտք:
Տեղաշարժը սահմանափակվել է բացառապես Չինաստանի կամ Իրանի հետ կապված նավերով, որոնք նավարկում են Թեհրանի կողմից հաստատված հյուսիսային նեղ երթուղով:
Ինչպես հայտնել է ՌԲԿ-ն, վերլուծաբանները նշում են, որ բազմաթիվ նավեր, հատկապես՝ իրանականները, անջատում են իրենց ավտոմատ նույնականացման համակարգերը (AIS)՝ հայտնաբերումից խուսափելու նպատակով:
Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո Թեհրանն արգելափակել էր նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների մոտ 20%-ը և հեղուկ գազի մինչև 30%-ը: Ի պատասխան Իսլամաբադում բանակցությունների ձախողման՝ Թրամփը հայտարարել էր շրջափակման մասին՝ նպատակ ունենալով կանխել իրանական նավթի արտահանումը:
Թեհրանի նոր առաջարկը փոխանցվել էր միջնորդների միջոցով, սակայն Թրամփը կասկածի տակ էր դրել զիջումների բավարար լինելը՝ հայտարարելով, որ Իրանը «դեռևս բավականաչափ բարձր գին չի վճարել» իր գործողությունների համար: Այս հայտարարությունը նվազեցրել է հակամարտության արագ կարգավորման հույսերը:
Ապրիլի 13-ին Միացյալ Նահանգները ծովային շրջափակում էր սահմանել իրանական նավահանգիստների նկատմամբ: Շրջափակումն արգելում է Իրանի հետ կապված նավերի անցումը նեղուցով և պահանջում բոլոր առևտրային նավերից ստանալ հատուկ թույլտվություն: Իրանը, իր հերթին, պահպանում է ռազմական վերահսկողությունը նեղուցի նկատմամբ և գանձում է անցման վճար, որը Վաշինգտոնն անվանում է «ապօրինի տուրք»:





































