Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Լիբանանի հարավային և հարավարևելյան հատվածներում իրականացված հարվածների հետևանքով վերջին 48 ժամվա ընթացքում զոհվել է 55 մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
«Մարտի 2-ին, ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր, զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 2951-ի, վիրավորներինը՝ 8988-ի»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X-ում։
Առողջապահության նախարարությունը նշել է, որ իսրայելական ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը շարունակում են հարվածել Լիտանի գետից հարավ և հյուսիս գտնվող բնակավայրերին և, հնարավոր է, զոհերի թիվը մինչև օրվա վերջ ավելանա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ ապրիլի 16-ին բանակցությունների արդյունքում հայտարարել էր Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի մասին: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվել էր։





































