ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 9-11-ը եռօրյա հրադադարի մասին:
Նա հայտնել է, որ հրադադարը կներառի ռազմական բոլոր գործողությունների դադարեցում և յուրաքանչյուր երկրից 1000 գերու փոխանակում: Թրամփը նշել է, որ հրադադարի նախաձեռնությունն իրենն է, ինչին հավանություն են տվել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վոլոդիմիր Զելենսկին:
ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ հրադադարը կնշանակի երկու երկրների միջև հակամարտության ավարտի սկիզբ:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի ուշ հաստատել է, որ Թրամփի հրադադարի նախաձեռնությունն ընդունելի է Ռուսաստանի համար: Նա ասել է, որ Ռուսաստանը ողջունում է նախաձեռնությունը:
«Հրադադարի ընթացքում՝ մայիսի 9-11-ը ներառյալ, կնքվելիք հիմնական համաձայնությունը յուրաքանչյուր կողմից 1000 գերիների փոխանակումն է»,- հավելել է նա:
Ուշակովի խոսքով՝ համաձայնությունը ձեռք է բերվել ռուսական կողմի և ԱՄՆ նախագահի վարչակազմի միջև հեռախոսազրույցների ընթացքում:
Զելենսկին նույնպես հաստատել է Թրամփի հայտարարությունը: Նա հայտնել է, որ ամերիկյան կողմի միջնորդությամբ Կիևն ստացել է Ռուսաստանի համաձայնությունը՝ իրականացնելու «1000-ը 1000-ի դիմաց» ռազմագերիների փոխանակում:
«Զինադադար պետք է հաստատվի նաև մայիսի 9-ին, 10-ին և 11-ին»,- հայտարարել է նա:
Ապրիլի 29-ին Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտնել էր Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ Ուկրաինայի հետ զինադադար հայտարարելու Ռուսաստանի պատրաստակամության մասին: ՌԴ պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել էր Ուկրաինայի հետ զինադադարի մասին մայիսի 8-9-ը:



































