Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկարաձգել Իրանի հետ համաձայնագրի հասնելու ժամկետը ևս երկու շաբաթով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը խաղաղ ճանապարհով լուծելու դիվանագիտական ջանքերը կայուն առաջընթաց են գրանցում և կարող են զգալի արդյունքներ տալ մոտ ապագայում: Որպեսզի դիվանագիտությունը շարունակվի ըստ նախատեսվածի, ես կոչ եմ անում նախագահ Թրամփին երկարաձգել [Իրանի հետ համաձայնագրի հասնելու] ժամկետը երկու շաբաթով»,- գրել է Շարիֆը:
Նա նաև խնդրել է Իրանի իշխանություններին այս ժամանակահատվածում բացել Հորմուզի նեղուցը՝ «որպես բարի կամքի դրսևորում»:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իրանական քաղաքակրթությունը կարող է անդառնալիորեն դադարել գոյություն ունենալ այսօր երեկոյան՝ հավելելով, որ չի ցանկանում, որ դա տեղի ունենա։ Ապրիլի 8-ի գիշերը լրանում է Իրանի հետ հակամարտության կարգավորման համաձայնագիր կնքելու համար Թրամփի սահմանած վերջնաժամկետը։ Նա նախազգուշացրել էր, որ համաձայնության բացակայության դեպքում Վաշինգտոնը պատրաստ է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն էր հայտնել Թրամփի սպառնալիքների առթիվ և դիվանագիտության կոչ արել։
























