ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել է առաջիկա օրերին Իրանին թիրախային հարվածներ հասցնելու հնարավորությունը, որպեսզի Թեհրանին ստիպի հրաժարվել իր միջուկային ծրագրից, հայտնել է The New York Times-ը։
Ըստ թերթի՝ Թրամփն զգուշացրել է խորհրդականներին, որ եթե դիվանագիտությունը ձախողվի և սահմանափակ հարված հասցվի, նա կարող է ավելի լայնածավալ գործողություն սկսել Իրանի ղեկավարությանը փոխելու համար։ Ատոմային օբյեկտները, բալիստիկ հրթիռների ենթակառուցվածքները և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դիրքերը դիտարկվում են որպես թիրախներ։
ԱՄՆ-ն ճնշումը մեծացնում է ոչ միայն հայտարարությունների միջոցով։ Երկու ավիակիր խմբեր արդեն գտնվում են Իրանի հարվածային հեռավորության վրա։ Կողմերը պատրաստվում են փետրվարի 26-ին Ժնևում կայանալիք բանակցությունների նոր փուլին։ Սպիտակ տունը հույս ունի, որ ուժի ցուցադրումը կստիպի Թեհրանին զիջումների գնալ։
Այս ֆոնին Իրանն ազդանշան է տալիս փոխզիջման գնալու պատրաստակամության մասին, գրել է Reuters-ը։ Թեհրանը պատրաստ է իր հարստացված ուրանի մի մասն ուղարկել արտասահման, նվազեցնել իր մնացած պաշարների հարստացման մակարդակը և մասնակցել տարածաշրջանային կոնսորցիումի ստեղծմանը։
Փոխարենը՝ Իրանը պահանջում է պատժամիջոցների վերացում, խաղաղ նպատակներով ուրանի հարստացման իր իրավունքի ճանաչում և առաջարկում է ամերիկյան ընկերություններին մասնակցել նավթի և գազի նախագծերին։ Այնուամենայնիվ, կողմերը շարունակում են բաժանված լինել գործարքի հիմնական պարամետրերի շուրջ։
Ժնևում փետրվարի 17-ին տեղի էր ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային գործարքի շուրջ Օմանի միջնորդությամբ բանակցությունների երկրորդ փուլը: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ներառվել ապագա համաձայնագրի նախագծում:
Թրամփն առավելագույնը 15 օր ժամանակ էր նախատեսել Իրանի հետ պայմանավորվածության հասնելու համար:





































