Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին մոտեցող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյանը փոխչեմպիոն է դարձել, հայտնել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Հովհաննիսյանը փոխչեմպիոն է դարձել երկամարտի 323 կգ արդյունքով։ Նա պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 140 կգ, 145 կգ ու 150 կգ ծանրաձողը և այդ ձևում ոսկե մեդալ նվաճել: Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրել է 173 կգ:
Ֆեդերացիայից հավելել են, որ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 81 կգ քաշում Էմմա Պողոսյանը երկամարտի 215 կգ արդյունքով 4-րդն է: Նա պոկում վարժությունում մեկ մոտեցում է կատարել, բայց ծնկի ուժեղ ցավերի պատճառով հրաժարվել է հաջորդ երկու մոտեցումից։
Մայիսի 2-ին 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը ոսկե և բրոնզե մեդալներ էր նվաճել։ Մայիսի 3-ին երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը 4-րդ տեղն էր զբաղեցրել։ Մայիսի 4-ին 96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը երկամարտի 330 կգ արդյունքով աշխարհի չեմպիոն էր դարձել։
Առաջնությունն անցկացվում է ապրիլի 30-ից մայիսի 5-ը։