Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքն իրականացրել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ փոխկապակցված անձինք, իսկ ավելի կոնկրետ՝ նրա բարեկամները, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ ՀՖՖ-ից իրենց հարցմանն ի պատասխան՝ հերքել են իրենց անունից տոմս վաճառողների ու Մելիքբեկյանի կապը։
Ֆեդերացիայից նշել են, որ Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը վաճառվել են www.tickets.ffa.am կայքում, որի աշխատանքները պատվիրակվել է «Արևակ» ՍՊԸ-ին, նշել է թերթը։ Լրատվականին ի պատասխան ֆեդերացիայից հերքել են նաև ընկերության կապը Մելիքբեկյանի հետ։
ՀՖՖ-ն օգոստոսի 18-ին հայտարարություն էր տարածել՝ հորդորելով բարդություններից խուսափելու համար շուկայից չգնել Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսեր: ՀՖՖ-ն նշել էր, որ 14 000 նստատեղով մարզադաշտի շուրջ 7000 տոմս վաճառվել է շատ մատչելի՝ 1000-3000 դրամով, իսկ շուկայում այժմ այս տոմսերը վաճառում են տասնապատիկ թանկ:
Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 6-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղի բոլոր տոմսերն սպառվել են։ Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ ժամը 20։00-ին։
Երկու թիմն էլ ընդգրկված են F խմբում՝ Հունգարիայի և Իռլանդիայի հետ միասին։ Խմբային փուլը տևում է 2025 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբեր, որտեղ հաղթողը կապահովի ուղիղ որակավորում աշխարհի գավաթի խաղարկության համար, իսկ երկրորդ տեղը գրավածը կմասնակցի փլեյ-օֆֆ փուլին։
Խաղին կմասնակցի նաև պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա 2015 թվականի հունիսին Երևանում հեթ-տրիկ էր ձևակերպել՝ ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի որակավորման փուլում 3։2 հաշվով հաղթանակ բերելով Պորտուգալիային։






































