«Շիրակ» ֆուտբոլային ակումբը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Ֆուտբոլային ակումբն այդպես է արձագանքել ՀՖՖ-ի առաջարկներին, որոնք ֆեդերացիան ներկայացրել էր հունվարի 29-ին։
«Ասել ենք մինչ այս, պնդում ենք նաև հիմա. ՀՖՖ գործող ղեկավարների մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղել է, թաղում է ու թաղելու է ավելի մեծ խնդիրների մեջ: Հետևաբար՝ միակ բանը, որը պետք է անեն ՀՖՖ գործող ղեկավարները, պետք է հեռանան ու դա անեն օր առաջ»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։
Ակումբն ընդգծել է, որ միայն դրանից հետո հնարավոր կլինի մտածել հայկական ֆուտբոլն «առողջացնելու» մասին։
Հունվարի 29-ին ՀՖՖ-ն առաջարկել էր Հայաստանի Պրեմիեր լիգայի անցկացման ձևաչափում կատարել փոփոխություններ: Հայաստանի Պրեմիեր լիգայում և Առաջին խմբում հանդես եկող ակումբներին առաջարկվել էր քննարկել նոր ձևաչափը և իրենց առաջարկությունները ներկայացնել մինչև փետրվարի 20-ը։
Հունվարի 30-ին երկրպագուները ՀՖՖ-ին մեղադրել էին ազգային հավաքականի խաղերին իրենց ներկայությունը կանխելու մեջ։
UEFA-ի Ազգերի լիգայի Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի պարտությունից հետո, որին հաջորդել էր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի պաշտոնանկությունը, ֆան-շարժումների ներկայացուցիչները պահանջել էին Մելիքբեկյանի հրաժարականը: ՀՖՖ-ն հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ ՀՖՖ նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Ինքը՝ Մելիքբեկյանը, հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հոկտեմբերի 31-ին միացել էր երկրպագուների՝ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջին: Նոյեմբերի 1-ին «Ուրարտու» ակումբը ՀՖՖ-ին մեղադրել էր անարդյունավետության մեջ և միացել Հայաստանի ազգային հավաքականի և Պրեմիեր լիգայի ֆան ակումբների՝ ՀՖՖ ղեկավարությանը պաշտոնանկ անելու պահանջին: Նոյեմբերի 1-ին «Նոա» և «Ուրարտու» ակումբների հանդիպման ժամանակ երկրպագուները բողոքի ակցիա էին անցկացրել Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով: