«Զավիկի ղարս»-ի ևս երկու մասնաճյուղի գործունեություն կասեցվել է, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Ստուգումներ են իրականացվել «Լևոն 888» (Երևան, Շինարարներ 23) և «Արմեն Մելքումյան 4242» ՍՊԸ-ին (Երևան, Բաբաջանյան 112/5) պատկանող «Զավիկի ղարս» հանրային սննդի կետերում։ Պարզվել է, որ հանրային սննդի կետերն աշխատել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ «Լևոն 888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ սննդի կետը ապահովված չէր բավարար քանակությամբ լվացարաններով, պատերը չեն պահվել նորոգ վիճակում, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները՝ սեղանը, ինչպես նաև սառնարանների դարակաշարերը, գտնվել են ոչ նորոգ վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։
«Արմեն Մելքումյան 4242» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, խողովակները և հոսանքալարերը քողարկված չէին անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերով, հատակը չի գտնվել նորոգ վիճակում։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի կետերի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
Հոկտեմբերի 8-ից «Զավիկի ղարս»-ի Սարյան փողոցի վրա գործող մասնաճյուղի գործունեությունը ևս կասեցված է՝ արտադրանքում հայտնաբերված մանրեաբանական անհամապատասխանությունների հիմքով: ՍԱՏՄ-ն հոկտեմբերի 9-ին հայտնել էր, որ տնտեսավարողը ոչ միայն հրաժարվել է առձեռն ստանալ կասեցման որոշումն ու կատարել դրա պահանջը, այլև սոցիալական ցանցերի էջերով հրապարակել է հանրությանն ապակողմնորոշող տեղեկատվություն՝ նշելով, թե ՍԱՏՄ պաշտոնական տեղեկատվությունը «կեղծ» է։
































