Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է թղթային մեկանգամյա տոմսերի շրջանառությունից հանելը՝ պնդելով, որ մյուս վճարային գործիքները չեն սահմանափակի ուղևորներին։ Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից պարզաբանել են նաև տեխնիկական խնդիրների պատճառով տոմս չվավերացնելու հնարավոր հետևանքները։
Օգոստոսի 1-ից Երևանում չեղարկվում է տրանսպորտի թղթային տարբերակով վճարումը՝ շահագործման մեջ թողնելով 3 տոմսային կրիչ՝ տրանսպորտային քարտը, անհպում բանկային քարտը և Telcell Wallet բջջային հավելվածը։ Նշված վճարային մեթոդներն ընտրվում են այնպես, որ պահանջեն «նվազագույն կարողություններ և հասանելի լինեն բոլոր ուղևորների համար», հավաստիացնում են քաղաքապետարանից։
«Հասարակական տրանսպորտում տրանսպորտային և բանկային քարտերի կիրառումը պահանջում է նվազագույն կարողություններ, ուստի չի դիտարկվում, որ վճարել ցանկացողների համար դրանք կարող են առաջացնել խնդիրներ»,- պատասխանել են լրատվության բաժնից։
Անտոմս երթևեկելը կամ տոմսը չվավերացնելը կբերի վարչական պատասխանատվության, սակայն տերմինալների անսարքության պատճառով տոմս չվավերացնելը չի համարվի խախտում, Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ պարզաբանել են քաղաքապետարանից։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր հասարակական տրանսպորտի QR կոդով վճարային համակարգն ամբողջությամբ առցանց ռեժիմ տեղափոխելու որոշման մասին։