Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) այժմ չի կարող այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին, Armenia Today-ին հայտնել է ԿԽՄԿ-ի Հայաստանի պատվիրակության հաղորդակցության և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին։
«Վերջին այցը գերիներին հունիսին էր։ Թեև ԿԽՄԿ-ի առաքելությունը պաշտոնապես դեռ գործում է Ադրբեջանում, Բաքուն հայտնել է պատվիրակությունը փակելու մտադրության մասին։ Երբ դա տեղի կունենա, կհայտարարվի լրացուցիչ»,- նշել է Ամատունին։
Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցությունները՝ կապված ինչպես գերիներին այցելելու, այնպես էլ առաքելության գործունեության ձևաչափի հետ, այնուամենայնիվ, շարունակվում են։ Բանակցությունների մանրամասները չեն հրապարակվում։
Ներկայում գերիների և հարազատների միջև միակ կապն Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպվող հազվագյուտ հեռախոսազանգերն են։
ԿԽՄԿ-ն մինչ այժմ հանդիսացել է մարդասիրական միակ կամուրջը, որի միջոցով հարազատները կարող էին տեղեկություններ ստանալ գերիների առողջության մասին, այն ապահովվում էր նաև տեսազանգերի հնարավորություն։
Պաշտոնական տվյալներով՝ Բաքվում պահվում է 23 հայ գերի, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարներ։
2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց Արցախի դեմ, որի հետևանքով Արցախի ամբողջ տարածքը օկուպացվեց, և հայ բնակչությունը բռնի կերպով տարհանվեց Հայաստան։ Հայաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ զոհվել է ավելի քան 200 մարդ, վիրավորվել են ավելի քան 300-ը, 42-ը՝ անհետ կորել։ Հայաստանում ապաստանած փախստականների թիվը գերազանցել է 100 հազարը։