Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող (Երևան, Քոչինյան փողոց) մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը, հայտնում է ՍԱՏՄ-ն։
Ըստ հաղորդագրության՝ կասեցման պատճառը հուլիսի 2-ին արտադրված «Տավարի կոտլետ»-ի նմուշում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերված անհամապատասխանությունն է. արտադրատեսակն աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ ԱՑԽՄ և «Ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
«Նատֆուդ» ՓԲԸ-ին հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել իրավական ակտերով պահանջվող նորմերին, տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր: Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ստուգումներից հետո հունիսի 20-ի դրությամբ ժամանակավորապես դադարեցրել էր «Տաշիր Պիցցա» հանրային սննդի 12 մասնաճյուղի գործունեություն։