Պետական պահպանության ծառայության աշխատակիցները հունիսի 13-ին լրագրող Վահե Մակարյանին հեռացրել են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերի դահլիճից, այնուհետև ԱԺ շենքից։
ՊՊԾ աշխատակիցները լրագրողին հեռացնելու համար ուժ են կիրառել, ինչը բացատրել են այն հանգամանքով, որ Մակարյանն ԱԺ-ից դուրս գալու իրենց օրինական պահանջին չի ենթարկվել։ Մակարյանը լրագրողներին հայտնել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը չեն ցանկանում, որ ինքը ներկա գտնվի ԱԺ-ում և մասնագիտական գործունեություն ծավալի։
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանն Armenia Today-ին տեղեկացրել է, որ Մակարյանը զրկված էր ԱԺ հավատարմագրումից ու խորհրդարանում լրագրողական գործունեություն ծավալելու իրավունք չուներ։ Հարությունյանի խոսքով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Մակարյանի համար հայտ է բացել, և լրագրողը մուտք է գործել ԱԺ։
«Նա պատգամավորական հայտով մուտք է գործել ԱԺ-ի շենք, մասնակցել հանձնաժողովի նիստին, զբաղվել լրագրողական գործունեությամբ, որի իրավունքը չուներ։ Այդ պատճառով նա հեռացվել է հանձնաժողովի նիստից ու ԱԺ շենքից»,- մանրամասնել է Հարությունյանը։
2024-ին ԱԺ նախագահի հետ տեղի ունեցած ընդհարումից հետո Ազգային ժողովը դադարեցրել էր Մակարյանի հավատարմագրումը։