Ստորագրվել է կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիրը, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Պայմանագիրն ստորագրել են ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. ֆրանսիական կոնսորցիումի կողմից հիմնադրված HAYPASS ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեն։ Այն վերաբերում է անձը հաստատող փաստաթղթերի թողարկմանը և տրամադրմանը, անձը հաստատող փաստաթղթեր տրամադրելու համար օգտագործվող միջոցների շահագործմանն ու սպասարկմանը։
IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l.-ն հաղթող էր ճանաչվել Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման գործընթացի իրականացման մրցույթում։
Նշվում է, որ HAYPASS ՓԲԸ-ն մինչև 2026թ․ երկրորդ կիսամյակը կներդնի նոր ենթակառուցվածք՝ կենսաչափական տվյալների հավաքագրման նոր լուծումներով, նոր աշխարհագրական ցանցով՝ ժամանակակից գրասենյակներով։
Ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիներին և ՀՀ-ում այլ իրավական կարգավիճակ ունեցող անձանց կտրամադրվեն անվտանգ և բարձրորակ անձը հաստատող փաստաթղթեր, կսահմանվի անձնական տվյալների և անձի իրավական ինքնության պաշտպանության նոր շեմ։
Ըստ ՆԳՆ-ի՝ պայմանագրի կնքումը կարևոր քայլ է նաև ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում, քանի որ կենսունակ և մոդեռն կենսաչափական համակարգի առկայությունը գործընթացի պարտադիր պահանջ է։
2022 թվականի դեկտեմբերին իշխանությունները հայտարարել էին, որ կենսաչափական անձնագրերի տրամադրումը ժամանակավորապես կդադարեցվի, մինչև ժամանակակից տեխնոլոգիաներին և անվտանգությանը համապատասխանող անձնագրերի համակարգի ստեղծումը։ 2023 թվականի դեկտեմբերին կառավարությունը հաստատել էր մասնավոր ընկերությանը նման անձնագրերի նոր համակարգ ստեղծելու լիազորություն տալու մասին որոշումը։
Ապրիլի 7 ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հայտնել էր, որ անձը հաստատող փաստաթուղթ ստանալու վերաբերյալ դիմումները՝ թե՛ անձնագիր, թե՛ նույնականացման քարտ, տրվելու են հանրապետության 23 գրասենյակներում, որոնք կներդնի մասնավոր ընկերությունը։