Աերոնավիգացիոն համակարգեր մշակող և արտադրող «Ազիմուտը» (մտնում է «Ռոստեխի» մեջ-խմբ․) Հայաստանին ռադիոփարոս է մատակարարել, որը կօգնի ինքնաթիռներին կողմնորոշվել լեռնային տեղանքում և բարդ օդերևութաբանական պայմաններում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ռոստեխ» պետական կորպորացիային։
Ըստ հաղորդագրության՝ սարքավորումները տեղադրված են Սիսիան քաղաքի մոտակայքում։
«Մենք ավարտել ենք VOR/DME 2700-ի փորձարկումները Հայաստանում, ինչը թույլ կտա օդանավերին լեռնային տեղանքում և վատ եղանակի պայմաններում կողմնորոշվել օդուղիներում»,- հաղորդագրության մեջ մեջբերվում է «Ազիմուտի» գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Գալչենկովի խոսքը:
Նա նշել է, որ ռադիոփարոսը ներկայումս հաջողությամբ շահագործվում է Ստավրոպոլում, Չելյաբինսկում, Կալինինգրադում, Խաբարովսկում, Նովոսիբիրսկում և Ռուսաստանի այլ քաղաքներում, ինչպես նաև արտասահմանյան օդանավակայաններում:
VOR/DME 2700 ռադիոփարոսը որոշում է օդանավի գտնվելու վայրը: Այն գործում է VHF տիրույթում (շատ բարձր հաճախականություն, 30-300 մեգահերց միջակայք) և կարող է միաժամանակ վարել մինչև 200 ինքնաթիռ: Սարքավորումն առաջարկվել է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից՝ որպես երթուղիներում նավիգացիայի հիմնական միջոց, ինչպես նաև ինքնաթիռների վայրէջքի ժամանակ որպես լրացուցիչ միջոց: