Անկարան հայտարարել է օկուպացված Արցախում հյուպատոսություն բացելու իր պատրաստակամության մասին և պայմաններ է առաջադրել Հայաստանի հետ սահմանը բացելու համար, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Ակգյունը։
Դեսպանի խոսքով՝ Հայաստանի հետ սահմանի բացումը կախված է հայ-ադրբեջանական բանակցությունների առաջընթացից։ Դիվանագետն ընդգծել է, որ Թուրքիան Շուշիում հյուպատոսություն բացելու պաշտոնական դիմում էր ներկայացրել դեռևս 2021 թվականին, սակայն այս պահին ոչ մի երկիր դիվանագիտական ներկայացուցչություն չունի այս քաղաքում։
«Հարցը ամբողջությամբ գտնվում է ադրբեջանական կողմի իրավասության ներքո։ Մենք պատրաստ ենք գործել նրա որոշման համաձայն՝ լինի դա Շուշա (Շուշի-խմբ․), թե տարածաշրջանի որևէ այլ քաղաք»,- նշել է Ակգյունը։
Հարցազրույցի ընթացքում թուրք դեսպանը նաև մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։ Նա ընդգծել է, որ այս գործընթացը չի կարող դիտարկվել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից առանձին։
«Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը փակ է 1993 թվականից ի վեր։ Հայաստանը գործնականում մեկուսացված է արևելքից և արևմուտքից, և դրանից, առաջին հերթին, տուժում է իր սեփական բնակչությունը։ Տարածաշրջանում կայուն խաղաղությունն օգտակար է բոլորի, հատկապես՝ Հայաստանի համար»,- ընդգծել է նա։
Դիվանագետը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր կլինի միայն Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքումից կամ առնվազն նախաստորագրումից հետո, ինչպես նաև տրանսպորտային միջանցքների վերաբերյալ համաձայնագրերի իրականացման պայմանով, այդ թվում՝ Սյունիքի մարզով անցնող երթուղու վերաբերյալ։
«Եթե այս պայմանները բավարարվեն, սահմանը կարող է բացվել՝ Անկարայի և Բաքվի միջև խորհրդակցությունների արդյունքների հիման վրա»,- եզրափակել է նա։
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Թոմ Բարաքը հուլիսի 14-ին հայտարարել էր, որ մասնավոր ամերիկյան ընկերությունը կարող է ստանձնել «Զանգեզուրի միջանցքի» կառավարումը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները առաջ մղելու համար: Մասնավորապես, ԱՄՆ-ն կարող է 100 տարով վարձակալել Սյունիքի և Նախիջևանի միջև գտնվող 34 կիլոմետրանոց ճանապարհի հատվածը:
Հուլիսի 16-ին Փաշինյանը հայտարարել էր ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծում «գլոբալ խաղացողների» մասնակցության մասին, նշել, որ հիմնականում քննարկվում է ամերիկյան առաջարկը: