Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի պետնախարար, այս մասին նա հայտարարել է հրավիրած մամուլի ասուլիսում։
«Ճիշտ են խոսակցությունները, և վստահ եմ՝ կհնչի հաջորդ հարցը՝ ինչո՞ւ եք համաձայնվել։ Չէի կարող խոսել պետական ինստիտուտների դերի մասին, և ստանալով առաջարկ՝ ինքս լքել այդ շարքերը։ Ես իմ ունակությունների, կարողությունների շրջանակում կանգնած եմ լինելու պետականության կողքին»,- ասել է Իսկանդարյանը։
Նա խոսել է դրական արդյունքների մասին, որոնք գրանցվել են վերջին ամիսների ընթացքում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ջանքերով։
Իսսկանդարյանը նշել է, որ ևս 158 բնակավայր, որտեղ ապրում է 13 207 արցախցի, կներառվի «4 միլիոն դրամանոց գոտում»։
«Սա, հիմնականում, վերաբերում է Կոտայքի, Արարատի, Արագածոտնի բնակավայրերին։ Ծրագիրը կգործի այդ թվում՝ Չարենցավանում, Բյուրեղավանում, Ապարանում, Արարատում, Էջմիածնում, Մեծամորում։ Բացի այդ, 82 ընտանիքի բնակարանային ապահովման հարցի լուծումը, որտեղ կան զոհված զինծառայողներ, կստանձնի Հայաստանի կառավարությունը»,- տեղեկացրել է նա։
Պետնախարարի խոսքով՝ աշխատում են (Կառավարության հետ-AT) հողամասի գնման վկայականի արժեքի շեմի բարձրացման հասնել, այժմ այդ շեմը կազմում է 4 մլն դրամ: Բացի այդ, կրկնապատկվել է գումարի մարման ժամանակահատվածը։
«Անցյալում արցախցիներին հնարավորություն էր տրվում մարել իրենց հիփոթեքային վարկերը 10 տարվա ընթացքում, մինչդեռ այժմ այդ ժամկետը երկարաձգվել է մինչև 20 տարի»,- նշել է նա։
Իսկանդարյանի խոսքով՝ «40+10» ծրագրի շուրջ հաջողության հասնել դեռ չի հաջողվել։
Ապրիլից Հայաստանի իշխանությունները կրճատել էին «40+10» աջակցության ծրագրով բնակվարձի փոխհատուցում ստացող արցախցիների թիվը՝ բացատրելով, որ այդ աջակցությունը խոչընդոտում է բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու երկարաժամկետ պետական ծրագրերին։ Այդ որոշման դեմ մարտի 29-ին արցախցիները հանրահավաք էին անցկացրել, որտեղ պահանջել էին շարունակել բնակվարձի փոխհատուցումը, ինչպես նաև երկարաժամկետ սոցիալական ծրագրեր նախաձեռնել։ Նույն օրը նրանք վրաններ էին տեղադրել «Ազատության» հրապարակում։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն ապրիլի 29-ին տեղեկացրել էին, որ «Ազատության» հրապարակից հեռացնելու են վրանը և տեղակայելու են Արցախի ներկայացուցչությունում։ Նրանք նաև ասել էին, որ ապրիլի 30-ին կառավարությունը ոչ միան երկարաձգելու է «40+10» ծրագիրը, այլև ընդունելու է խորհրդի ներկայացրած պահանջները։