Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում խախտումների համար Ադրբեջանը չի պատժվել, իր ամենամյա զեկույցում արձանագրել է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը:
«Նրանց (Լեռնային Ղարաբաղ – խմբ.) անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքը մնացել է չիրականացված»,- փաստում է կառույցը:
Զեկույցում իրավապաշտպանները հիշեցրել են, որ ԵԽԽՎ-ն 2024-ին դատապարտել է Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողությունը, որի հետևանքով Արցախի ավելի քան 100 հազար բնակիչներ ենթարկվել էին էթնիկ տեղահանման:
Զեկույցի հեղինակները նկատել են, որ Արցախից բռնի տեղահանվածները Հայաստանում լուրջ խնդիրների են առերեսվում, ինչպես օրինակ՝ բնակարանի բացակայություն, զբաղվածության և կրթության հարցեր:
Amnesty International-ը նաև նշել է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին Ադրբեջանի նոր պահանջները, որոնք առաջ են քաշվել Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շրջանակներում, ինչպես նաև երկու երկրների սահմանների սահմանազատման շուրջ տարաձայնությունները լրջորեն բարդացրել են վերջնական կարգավորման հասնելու ջանքերը:
Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակին վերաբերող հատվածում իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ անցյալ տարի երկրում բազմիցս սահմանափակվել է ազատ արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատությունը, իսկ լրագրողներն ու բնապահպանները ենթարկվել են սպառնալիքների և հետապնդումների: Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ 2024 թվականի ապրիլ և մայիս ամիսներին ոստիկանությունը մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարների նկատմամբ:
Amnesty International-ը մատնանշել է հունիսի 12-ին Երևանի կենտրոնում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումները, որոնց հետևանքով 101 անձ վիրավորվել էր: Իրավապաշտպաններն ընդգծել են, որ ոստիկանության գործողությունների հետաքննության արդյունքում իրավապահ մարմինների ոչ մի աշխատակցի մեղադրանք չի առաջադրվել:
Նշվում է նաև, որ ապրիլ և մայիս ամիսներին տեղի ունեցած բողոքի ակցիաներն ուղեկցվել են լրագրողների նկատմամբ ճնշումների և հետապնդումների ուժեղացման մասին հաղորդագրություններով։ Մասնավորապես, Հայաստանում խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով ՝ բողոքի ակցիաների լուսաբանման ընթացքում տուժել է 14 լրագրող և ԶԼՄ-ների աշխատակից: