Օկուպացված Արցախի Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղն ավերվել է Ադրբեջանի կողմից, հայտնում է պատմաբան Հովիկ Ավանեսովը։
Նրա խոսքով՝ 2020թ․ բռնազավթված գյուղը 2021 և 2024 թվականների տվյալներով լայնածավալ ավերածությունների է ենթարկվել, իսկ 2025թ․ արբանյակային պատկերները վկայում են ամբողջական և համակարգված ավերման մասին։
«Սարգսաշենը՝ իր տներով, փողոցներով, պատմական շերտերով, գրեթե հիմնովին ոչնչացվել է։ Սա մեկ օրինակ է Արցախի տարածքում իրականացվող պետական վանդալիզմի ընդհանուր ռազմավարությունից։ Տասնյակ գյուղեր և քաղաքներ կամ ամբողջությամբ, կամ մասնակիորեն վերացվել են՝ նպատակ ունենալով լիակատար ջնջել մշակութային, պատմական և քաղաքակրթական ժառանգությունը»,- շեշտել է Ավանեսովը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն ավերել է նաև Շուշիի շրջանի Քարինտակ, Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր, Ծամձոր, Թաղուտ-Թաղոտ, Առաքել համայնքները։
«Արցախում կատարվում է ոչ միայն 21-րդ դարի, այլև մարդկության պատմության ամենախոշոր մշակութային ցեղասպանություններից մեկը։ Խոսքը համակարգված, ծրագրավորված մշակութային ու քաղաքակրթական վերացման մասին է, որը պետք է դիտարկվի որպես միջազգային իրավունքի խախտում և արժանանա համաշխարհային հանրության կոշտ արձագանքին»,- հավելել է նա։
Մարտի 21-ին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հայտնել էր, որ Ադրբեջանն ավերել է Արցախի օկուպացված Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները։
Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերից հողին էր հավասարեցրել Արցախի չորս գյուղեր ու ոչնչացրել մի քանի տասնյակ մշակութային հուշարձաններ, որոնց թվում են ավելի քան 10 եկեղեցի, մոտ 50 հուշահամալիր, քանդակներ ու խաչքարեր։ Օկուպանտները ոչնչացրել են Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը, ինչպես նաև Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր և Ցամաքձոր գյուղերը։
Armenia Today-ն իր նյութում տեղեկություններ է հավաքել Արցախի տարածքում պատմամշակութային նշանակության բոլոր ավերված հուշարձանների մասին, որոնք 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Բաքվի կողմից մշակութային ցեղասպանության քաղաքականության զոհն են դարձել: