Կառավարությունն առաջիկա նիստում որոշում կկայացնի, ըստ որի՝ լրացուցիչ ֆինանսական օգնության կարիք ունեցող արցախցի ընտանիքներն աջակցություն կստանան, հայտնել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նա 24News-ին մեկնաբանել է այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար ամսական 50 հազար դրամ աջակցության կրճատումից հետո։
«Խնդրի հիմնովին լուծումը երկարաժամկետ բնակարանային ապահովության ծրագիրն է, որին, ցավոք սրտի, դիմելիությունը դեռևս շատ ցածր է։ Այնտեղ է լուծումը, թող գնան, դիմեն սահմանված կարգով, ստանան իրենց հասանելիքը և երկարաժամկետ կանոնավոր, նորմալ լուծում ստանան, ինչո՞ւ չեն անում»,- ասել է Խաչատրյանը։
Փոխվարչապետը հայտնել է, որ Ազատության հրապարակում վրան տեղադրած Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին է փոխանցել իշխանությունների առաջարկը՝ մեկ ամսով երկարաձգել բոլոր տեղահանվածների վճարումները և քննարկել հետագա անելիքները։ Սակայն, ըստ նրա, ցուցարարները «այնքան էլ անկեղծ չեն» իրենց գործողություններում։
Փոխվարչապետը վստահեցրել է, որ Կառավարությունը «եղած դրամական աջակցությունը սոցիալապես ճիշտ հասցեագրման միջոցով կարիքավոր ընտանիքներին է ուղղում»։
Ապրիլից Հայաստանի իշխանությունները կրճատել էին «40+10» աջակցության ծրագրով բնակվարձի փոխհատուցում ստացող արցախցիների թիվը՝ բացատրելով, որ այդ աջակցությունը խոչընդոտում է բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու երկարաժամկետ պետական ծրագրերին։ Այդ որոշման դեմ մարտի 29-ին արցախցիները հանրահավաք էին անցկացրել «Ազատության» հրապարակում, որտեղ պահանջել էին շարունակել բնակվարձի փոխհատուցումը, ինչպես նաև բանակցել արցախցիների հայրենիք վերադարձի, ռազմագերիների ազատ արձակման և բռնի տեղահանվածներին աջակցելու երկարաժամկետ սոցիալական ծրագրերի կազմակերպման շուրջ։ Ազատության հրապարակում հանրահավաքից հետո արցախցիները վրան էին տեղադրել, որտեղ ամեն օր քննարկումներ են անցկացնում։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը հայտնել էր, որ փոխվարչապետն առաջարկել է ևս մեկ ամիս երկարաձգել «40+10» աջակցությունը, բայց նախապայմանով, որ Ազատության հրապարակում տեղադրված վրանը հեռացնեն։
Կարդացեք նաև՝
«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն
Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը Հայաստանում