Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն առաջարկել է ևս մեկ ամիս երկարաձգել «40+10» աջակցությունը, բայց նախապայմանով, որ Ազատության հրապարակում տեղադրված վրանը հանենք, հայտնել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։
Նա տեղեկացրել է, որ փոխվարչապետի հետ հանդիպումը կայացել էր ապրիլի 7-ին, քննարկել են հրատապ սոցիալական հարցեր։
«Այսօր խորհրդի անունից պատասխանել ենք, որ նպատակահարմար չենք գտնում (ընդունել առաջարկը – խմբ)։ Բազմաթիվ արցախցիներ գալիս են այստեղ, իրենց կարծիքներն ու մտահոգություններն ենք լսում։ Փորձելու ենք մինչև ապրիլի 15-ը հանդիպումներ կազմակերպել հայաստանյան և արցախյան քաղաքական ուժերի հետ, որից հետո հայտարարելու ենք հանրահավաքի օրվա մասին, և եթե մինչ այդ կառավարությունը դիրքորոշումը չփոխի, անցնելու ենք հստակ գործողությունների»,- ասել է Իսկանդարյանը։
Նա հավելել է, որ փոխվարչապետի կողմից առաջարկ է հնչել միասին ստեղծել փորձագիտական խմբեր՝ բնակարանային ծրագիրը քննարկելու, սոցիալական աջակցության ծրագրերի մասին խոսելու համար։
Իսկանդարյանի խոսքով՝ մեկ ամիսը ողջամիս ժամկետ չէ, և չեն կարող այդ ընթացքում բոլոր խնդիրները դիտարկել և լուծումներ առաջարկել։
«Մենք առաջարկել ենք՝ մինչև տարեվերջ աջակցության ծրագիրը գործի, պատրաստակամ ենք փորձագիտական խմբերի հետ աշխատել»,- նշել է նա։
Խորհրդի ներկայացուցիչը նաև շեշտել է, որ իրենց բարձրացրած խնդիրը միայն սոցիալական չէ, հրապարակված պահանջագիրն ունի 12 կետ, որը ներառում է նաև հավաքական վերադարձի, գերիների խնդիրները լուծելու պահանջ։
«Բայց միաժամանակ քանի որ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել քննարկումներ ունենալ հրատապ հարցերի՝ սոցիալական խնդիրների մասով, մենք համաձայնել ենք։ Բնականաբար մեր պայքարը շարունակվելու և խոսելու ենք Մինսկի խմբի ձևաչափի, արցախցիների իրավունքների մասին։ Բոլոր արցախցիներն ապրում են այն հույսով, որ մի օր վերադառնալու են իրենց ծննդավայրը»,- հավելել է Իսկանդարյանը։
Ապրիլից Հայաստանի իշխանությունները կրճատել էին «40+10» կոչվող ծրագրով բնակվարձի փոխհատուցում ստացող արցախցիների թիվը՝ բացատրելով, որ այդ աջակցությունը «խանգարում է» բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու երկարաժամկետ պետական ծրագրերին։ Այդ որոշման դեմ մարտի 29-ին արցախցիները հանրահավաք էին անցկացրել «Ազատության» հրապարակում, որտեղ պահանջել էին շարունակել բնակվարձի փոխհատուցումը, ինչպես նաև բանակցել արցախցիների հայրենիք վերադարձի, ռազմագերիների ազատ արձակման և բռնի տեղահանվածներին աջակցելու երկարաժամկետ սոցիալական ծրագրերի կազմակերպման շուրջ։ Ազատության հրապարակում հանրահավաքից հետո արցախցիները վրան էին տեղադրել, որտեղ ամեն օր քննարկումներ են անցկացնում։
Կարդացեք նաև՝
«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն