Ադրբեջանական կողմն ավերել է բռնազավթված Արցախի Հադրութի շրջանի Ծամձոր գյուղի բնակելի տների զգալի մասը, հայտնում է Monument Watch-ը՝ հղում անելով 2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարներին։
Նախաձեռնության տվյալներով՝ գյուղը վնասվել է սկսած 2021 թվականի օգոստոս ամսից:
«Ծամձոր գյուղի տների վնասումը բռնազավթված Արցախի գյուղերում ադրբեջանցիների կողմից համատարած թալանի, միտումնավոր վնասումների հետևանք է: Այդ թալանն իրագործվում է, առաջին հերթին, տարածքում ծառայություն անցնող զինվորականների, ինչպես նաև շինարարական խմբերի կողմից: Այդ են վկայում Արցախի տարածքից թալանի, քանդման, գույքի միտումնավոր վնասման հարյուրավոր տեսանյութերը»,- շեշտել են նախաձեռնությունից:
Մասնագետները նկատել են, որ Ծամձորի տներից շատերը 2021 թվականից հետո առանց տանիքի են: Ծանր տեխնիկայի հետքեր չեն նկատվել, ինչը խոսում է գյուղի՝ աստիճանաբար թալանվելու մասին:
Արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ դեռևս կանգուն է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը վտանգի տակ է՝ հաշվի առնելով գյուղի ճակատագիրը։
2023 թվականի սեպտեմբերից Ադրբեջանը հողին է հավասարեցրել Արցախի չորս գյուղ և ոչնչացրել առնվազն մի քանի տասնյակ հուշարձան, այդ թվում՝ ավելի քան 10 եկեղեցի, գրեթե 50 հուշահամալիր, քանդակներ և խաչքարեր։