Կրակելով Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ, սպանելով հայ զինծառայողին Հայաստանի հետ սահմանին՝ Ադրբեջանը միտումնավոր սրում է իրավիճակը։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Այս սադրանքը, Արցախի պետնախարարի խոսքով, առաջին հերթին ուղղված է Արցախի հասարակությանն ահաբեկելուն։
«Մյուս կողմից՝ ակնհայտ են ռուս խաղաղապահներին սևացնելու փորձերը։ Այս մասին է վկայում նաև վերջին շրջանում ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական աննախադեպ միտումները։ Արդեն ավանդական դարձած հայատյաց քաղաքականությանը գումարվում է պետական մակարդակով կազմակերպվող ռուսատյաց քաղաքականությունը, որը, ի դեպ, ուղղված է ռազմական դաշնակցի դեմ»,-նշել է Արտակ Բեգլարյանը։
Բեգլարյանի խոսքով, սա ադրբեջանական իշխանությունների ձեռագրի հերթական վկայությունն է. մասնավորապես՝ հասնել իր աշխարհաքաղաքական նպատակներին՝ այլ ազգերի նկատմամբ ատելություն սերմանելու և հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու ճանապարհով: «Մի օր Ադրբեջանը կընկնի հյենց սեփական ատելությամբ»,-ընդգծեց Արտակ Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը մարտի 7-ին հայտնել էր, որ ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները մարտի 7-ին հրաձգային զենքերից և ականանետերից գնդակոծել են Արցախի Խրամորթ գյուղի գերեզմանատունը: Այդ մասին տեղեկատվությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը։ Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 7-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այս սադրանքի արդյունքում երկու հայ զինծառայող վիրավորվել է։ Նրանցից մեկը ՝ պայմանագրային զինծառայող Հրաչ Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, մյուս վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։