Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք- ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցություններն անդրադարձել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին ադրբեջանցի պատգամավորների մասնակցությանը։
«Ողջունելի է նիստի ընթացքում Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երկարաժամկետ խաղաղաղության հասնելու և պատերազմի միջոցով արցախյան հիմնախնդրի լուծումը բացառելու հստակ պնդումը։
Առանձնահատուկ ցինիզմով և ակնհայտ աճպարարությամբ են լցված ադրբեջանական պատվիրակության կողմից խաղաղության շրջան բացելու և հարաբերություններ կարգավորելու կոչերը։
Այդ երկրի բանտերում մինչ այժմ պահվող հայ ռազմագերիների առկայությունն ու նրանց ռազմաքաղաքական ղեկավարության կողմից անընդհատ կրկնվող սադրանքները սահմանին ամենևին չեն խոսում խաղաղասիրական մտադրությունների մասին։
Միայն անկեղծ մղումով և փոխադարձ շահերի համահավասար գնահատմամբ է հնարավոր երկարաժամկետ խաղաղությունը։ Ցավոք սրտի, Բաքուն նման մոտեցումները չի կիսում։ Ըստ այդմ, դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրականացվող արտաքին քաղաքական երկակի ստանդարտներն ու խոսքի և գործի անհամատեղելիությունը»,- նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 21-22-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում անց է կացվել «Եվրանեսթի» հերթական նիստը, որը Եվրախորհրդարանի և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համագործակցության խոհրդարանական հարթակն է։ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին այս անգամ իրենց մասնակցությունը ունեցան նաև Ադրբեջանը ներկայացնող պատգամավորներ Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։