Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման սպառնալիքները դեռևս առկա են, հակամարտությունը չի կարող համարվել լիովին ավարտված, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ամիր Հաթամին, փոխանցում է ТАСС գործակալությունը։
«Հարձակման նույնիսկ 1% հավանականությունը պետք է ընկալվի որպես 100% սպառնալիք։ Մենք չենք կարող թերագնահատել թշնամուն և մտածել, որ բոլոր սպառնալիքները անցյալում են», – հայտարարել է Հաթամին։
Նրա խոսքով՝ Իրանի հրթիռային ուժերը և անօդաչուները դեռևս մարտական պատրաստության մեջ են և կօգտագործվեն նոր սպառնալիքների առաջացման դեպքում։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին: Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածել էր Իրանում գտնվող երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում։
Հուլիսի 22-ին Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն կրկին կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին։