Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը սեպտեմբերի սկզբին Ադրբեջանում կավարտի իր աշխատանքը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԿԽՄԿ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Դրագանա Կոջիչը քննարկել են ԿԽՄԿ-ի 33-ամյա գործունեությունը Ադրբեջանում, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակը։
Ըստ հաղորդագրության՝ երկրում առաքելության գործունեության ավարտից հետո ԿԽՄԿ-ի հետ փոխգործակցությունը կշարունակվի կազմակերպության Ժնևում գտնվող գլխավոր գրասենյակի միջոցով։
Հուլիսի 30-ին ԿԽՄԿ-ի Հայաստանի պատվիրակության հաղորդակցության և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին Armenia Today-ին հայտնել էր, որ ԿԽՄԿ չի կարողանում այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Նրա խոսքով՝ վերջին այցը գերիներին հունիսին էր։
2025 թվականի սեպտեմբերի 3-ին կդադարեցնի գործունեությունը նաև Ադրբեջանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գրասենյակը։ Վերջին ամիսներին մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, Transparency International-ը և այլն, ավարտել էին իրենց գործունեությունն Ադրբեջանում։ Տեղական իշխանությունները սա բացատրում են «հումանիտար կարիքների կրճատմամբ և ավելի մեծ ինքնուրույնության ձգտմամբ»՝ պնդելով, որ այդ կազմակերպությունների ռեսուրսները կարող են օգտագործվել ավելի կարիքավոր տարածաշրջաններում։