Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է դեռևս 2025 թվականի մարտին, և կողմերը շատ մոտ են դրա ստորագրմանը, Հունաստանի ERT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
Նա նաև կրկնել է այն միտքը, որ համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտում են ՀՀ սահմանադրության որոշ դրույթներ և Մինսկի խմբի ու ԵԱՀԿ այլ ինստիտուտների վերացման անհրաժեշտությունը։
Ամիրբեկովը համոզմունք է հայտնել, որ «երկու հարցն էլ վաղ թե ուշ անպայման կգտնեն իրենց դրական լուծումը»:
«Քարնեգի» կենտրոնը հունիսի 30-ին հայտնել էր, որ ԱՄՆ-ն, փորձելով առաջ մղել խաղաղության գործընթացը, հնարավոր է փորձի համոզել Ադրբեջանին՝ հրաժարվել Հայաստանի սահմանադրության վերաբերյալ պահանջներից։ Հայտարարվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն ներկայացրել է սեփական ծրագիրը Երևանին և Բաքվին՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հուլիսի 8-ին հույս էր հայտնել, որ հարավկովկասյան երկու երկրների միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ էին վարել հուլիսի 10-ին՝ Աբու Դաբիում: Բանակցությունները տևել էին ավելի քան հինգ ժամ։ Հայաստանի ԱԳՆ-ն հանդիպումը «հաջողված» էր անվանել և հայտարարել, որ այն կարող է լուրջ հիմք հանդիսանալ խաղաղ գործընթացի հետագա իրականացման համար: