Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելության (ԵՄԴԱ) ղեկավար Մարկուս Ռիտերը կրկին հերքել է Ադրբեջանի մեղադրանքները հետախուզական գործունեության վերաբերյալ: Ռիտերի խոսքերը մեջբերել է «Արմենպրես»-ը։
«Ադրբեջանը չի ցանկանում մեզ հետ համագործակցել, նույնիսկ պահանջում է, որ հեռանանք, և դիտորդական առաքելությունը համարում է լրտեսական ցանց, որի ներկայացուցիչները զբաղված են հետախուզական աշխատանքներ իրականացնելով, մինչդեռ այդ ամենն իրականության հետ որևէ առնչություն չունի, մենք գաղտնի ծառայություն չենք, մեր միակ նպատակը Հարավային Կովկասում լարվածության կանխարգելումն է և Հայաստանին օգնելը, որպեսզի հայկական կողմն ունենա լավ դիրքեր բանակցությունների գործընթացում, որն ավելի արդյունավետ է ընթանում, եթե չեն լինում կրակոցներ»,- ընդգծել Ռիտերը։
Նա նշել է, որ 2023 թվականին առաքելության աշխատանքը սկսելուց հետո սահմանային միջադեպերի թիվը զգալիորեն նվազել է։
«Օրինակ՝ երկու տարի առաջ ՀՀ ԱԳՆ-ն մեզ խնդրեց, որպեսզի դիտարկումներ անցկացնենք Խաչիկ գյուղի հատվածում, քանի որ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ադրբեջանցի զինվորականները Նախիջևանից կրակում են գյուղացիների ուղղությամբ՝ խաթարելով հողագործական աշխատանքների ընթացքը, բայց երբ սկսեցինք դիտարկումներ անցկացնել այդ տարածքում՝ կանգնելով տեսանելի հեռավորության վրա, կրակոցները դադարեցին»,- պարզաբանել է ԵՄԴԱ ղեկավարը։
Ռիտերը նաև նշել է, որ առաքելության զեկույցները ուղարկվում են միայն Բրյուսել և հասանելի չեն ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ադրբեջանին։
Հունվարի 30-ին ԵՄ Խորհուրդը երկու տարով երկարաձգել էր Հայաստանում ԵՄԴԱ քաղաքացիական դիտորդական առաքելության մանդատը։ Այն կգործի մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։