Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն «ապատեղեկատվություն» է անվանել Իրանի դեմ Իսրայելի գործողություններին էթնիկ ադրբեջանցիների մասնակցության մասին հաղորդագրությունները:
Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նա նշել է, որ «որոշ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերի օգտահաշիվներում հայտնվել են միանգամայն անհիմն և կեղծ պնդումներ այն մասին, թե Ադրբեջանն իբր հավաքագրել է էթնիկ ադրբեջանցիներին որպես գործակալ և նրանց տեղավորում է Իրանում որպես իսրայելական գործակալ»:
Հաջիևն այդ հաղորդագրություններն անվանել է «կանխամտածված ապատեղեկատվություն», որն «իրականության հետ ընդհանուր ոչինչ չունի»:
Իսրայելի պաշտպանության բանակը ռազմաօդային ուժերի ավելի քան 200 կործանիչի կիրառմամբ հունիսի 13-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի տարածքում գտնվող ավելի քան 100 թիրախի, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան զինվորականների թաքստոցների ուղղությամբ: ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ավելի վաղ «լուրջ մտահոգություն էր հայտնել Իրանի տարածքում Իսրայելի ռազմական գործողությունների կապակցությամբ», ինչպես նաև դատապարտել էր իրավիճակի սրումը: