ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցչությունը Ադրբեջանում մոտակա ամիսներին կփակվի։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային մամուլի ծառայության ղեկավար Իրինա Մազուրին։
Գրասենյակի փակումը կլինի փուլային և կտևի մի քանի ամիս։ Չնայած դրան՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի համագործակցել Ադրբեջանի գործընկերների հետ իր տարածաշրջանային գրասենյակի և կենտրոնական շտաբի միջոցով։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը Ադրբեջանում գործել է 1993 թվականից՝ նպաստելով երեխաների և դեռահասների համար պայմանների բարելավմանը։
Վերջին ամիսներին մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, Transparency International և այլն, ավարտել են իրենց գործունեությունը Ադրբեջանում։ Տեղական իշխանությունները սա բացատրում են «հումանիտար կարիքների կրճատմամբ և ավելի մեծ ինքնուրույնության ձգտումով»՝ պնդելով, որ այդ կազմակերպությունների ռեսուրսները կարող են օգտագործվել ավելի կարիքավոր տարածաշրջաններում։