Երկու Ադրբեջան կա՝ հորինված, որը Բաքուն ցույց է տալիս այցելուներին և իրականը, որը թաքցնում է, գրում է The Wall Street Journal-ը։
«Իսրայելը չպետք է տրվի ադրբեջանական Տրոյական ձիուն» հոդվածում որպես օրինակ բերվում է Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները։
«Վերցնենք Իրանի հետ հարաբերությունները. Ադրբեջանի լոբբիստներն ասում են, որ երկու երկրները հակառակորդներ են, բայց կուլիսներում նրանք գործընկերներ են»,- նշվում է հոդվածում:
Հոդվածագիրը հիշեցրել է, որ 2021 թվականին Բաքուն Թեհրանի հետ ստորագրել էր գազի փոխանակման պայմանագիր, որն Իրանի իշխանություններին օգնել էր ազատվել Վաշինգտոնի «առավելագույն ճնշումից»:
Նաև շեշտվում է, որ Հայաստանն Իրանի հետ առևտուր է իրականացնում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակման պատճառով:
«Իրանի հետ Ադրբեջանի առևտուրը գրեթե նույնքան բարձր է, բայց ընտրության հարց է»,- ասվում է հոդվածում։
Անդրադառնալով Իսրայելի հետ հարաբերություններին՝ հրատարակությունը հիշեցրել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի խոսքերը, որ Ադրբեջանը և Թուրքիան «մեկ ազգ, երկու պետություն» են։
«Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը, հավանաբար, վերափոխում է բոլոր զենքերը, որոնք Իսրայելը վաճառում է Ադրբեջանին»,- գրում է հոդվածագիրը։
Հրատարակությունն զգուշացրել է, որ Ադրբեջանը կփորձի Իսրայելին ՆԱՏՕ-ի դաշնակիցների շարքում մեկուսացնել, «երբ համապատասխան գին լինի»։
Փետրվարի 20-ին Jerusalem Post-ը հայտնել էր Իսրայելի տարածաշրջանային ռազմավարության մեջ Ադրբեջանի աճող կարևորության մասին։ Հրատարակության աղբյուրների համաձայն՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այցն Իսրայել վկայում է 2020-2021 թվականներին կնքված «Աբրահամի համաձայնագրի» շրջանակում Ադրբեջանն ընդգրկելու հավանականության աճի մասին, որը նախատեսում է Իսրայելի հետ ԱՄԷ-ի, Մարոկկոյի, Բահրեյնի և Սուդանի հարաբերությունների կարգավորում։