Վրաստանի խորհրդարանում տեղի է ունեցել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք կատարված հանցագործությունների ուսումնասիրման հետաքննչական հանձնաժողովի առաջին նիստը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Դրան մասնակցել է քննչական հանձնաժողովի յոթ անդամ։ Նիստը վարել է խորհրդարանի փոխխոսնակ Թեա Ցուլուկիանին։ Հանդիպմանը հիմնականում քննարկվել են կազմակերպչական հարցեր։
Ինչպես նշել է Ցուլուկիանին, հանձնաժողովի անդամներին պետք է ավելի մեծ լիազորություններ տրվեն, որպեսզի յուրաքանչյուրը, անհրաժեշտության դեպքում, կարողանա առանձին հարցաքննություններ անցկացնել ընդդիմության ներկայացուցիչների կամ Սահակաշվիլիի իշխանության հետ առնչություն ունեցող այլ անձանց հետ։
Նրա խոսքով՝ դա ժամանակ կխնայի, քանի որ շատ դեպքեր կան, որոնք պետք է դիտարկել։
Որոշվել է քննարկել նաև 2003-2012 թվականներին Սաակաշվիլիի կառավարման տարիներին ռեժիմի զոհ դարձած քաղաքացիների դիմումները։ Ինչպես նշել է Ցուլուկիանին, հանձնաժողովը երաշխավորում է, որ քաղաքացիների անունները չեն հրապարակվի։
Ըստ փոխխոսնակի՝ քաղաքացիների դիմումները պետք է վերաբերվեն կոնկրետ փաստերին և չպարունակեն ընդհանուր տեղեկություններ այն մասին, թե ինչպիսին էր կյանքը մինչև «Վրացական երազանքի» իշխանության գալը։
Փետրվարի 5-ին Վրաստանի խորհրդարանը կողմ էր քվեարկել Սաակաշվիլիի իշխանության օրոք կատարված հանցագործությունների ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծմանը։
Սաակաշվիլին լքել էր Վրաստանը 2013 թվականին, որից հետո երկրում նրա դեմ չորս քրեական գործ էր հարուցվել, որոնցից երկուսի համար քաղաքական գործչին հեռակա կարգով դատապարտել էին 3 և ևս 6 տարվա ազատազրկման: 2021 թվականի հոկտեմբերին Սաակաշվիլին գաղտնի ժամանել էր Վրաստան, սակայն ձերբակալվել էր, որից հետո նրան նոր մեղադրանք էր առաջադրվել սահմանն ապօրինի հատելու համար։ 2022 թվականի մայիսին առողջական վիճակի վատթարացման պատճառով նրան տեղափոխել էին Թբիլիսիի մասնավոր կլինիկա, որտեղ նա գտնվում է մինչ օրս։