Նախիջևանը և Ադրբեջանի արևելյան շրջանները կապող միջանցքը վաղ թե ուշ կյանքի կկոչվի։ Հնարավոր երթուղիներն անցնելու են Հայաստանի կամ Իրանի տարածքով, իսկ կոնկրետ տարբերակը լինելու է շարունակվող բանակցությունների արդյունքը, թուրքական CNN Türk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ քննարկելով «Զանգեզուրի միջանցքի» բացման թեման։
Նախարարը նշել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացման հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հետ մեկտեղ դիտարկվում է նաև այլընտրանքը՝ Իրանի տարածքով երթուղին:
«Այդ հարցը գտնվում է մեր ադրբեջանցի եղբայրների վերահսկողության ներքո, իսկ Անկարայում ևս ուշադիր հետևում են գործընթացի զարգացմանը»,- հայտարարել է նա:
Ուրալօղլուն ընդգծել է Թուրքիայի շահագրգռվածությունը Երևանի և Բաքվի միջև բանակցությունների շուտափույթ ավարտի հարցում, ինչը պետք է հանգեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը:
«Ընդ որում, կարևոր է հաշվի առնել բոլոր կողմերի ազգային անվտանգության հարցերը։ Մենք ձգտում ենք, որպեսզի Բաքվի և Երևանի միջև լարվածությունը վերացվի»,- հավելել է նա։
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին փետրվարի 6-ին հայտարարել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» վնաս է թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի շահերին: Նա հավելել է, որ Իրանն ու Հայաստանը համակարծիք են «Զանգեզուրի միջանցքի» հարցում, և տարածաշրջանի երկրներից միայն Թեհրանն է այդ հարցում աջակցում Երևանին։
Փետրվարի 5-ին ֆրանսիական RFI ռադիոկայանը, հղում անելով տարածաշրջանի վերլուծաբաններին, հայտնել էր, որ հունվարին Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպումներ են ունեցել Բաքվում և Ստամբուլում՝ քննարկելով «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ծրագրերը: Ռադիոկայանը նշել է, որ տարածաշրջանում Իրանի թուլացման և ԱՄՆ-ի կողմից ճնշման ուժեղացման ֆոնին Անկարան և Բաքուն իրենց ծրագրերն առաջ տանելու հնարավորություն են տեսնում: RFI-ն ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ իրանցի դիվանագետների վերջին հայտարարությունները վկայում են Թեհրանի դիրքորոշման մեղմացման մասին, ինչը համընկնում է Մոսկվայի հետ կապերի ամրապնդման հետ, Իսկ «Ռուսաստանն աջակցում է նախագծին՝ դրանում տեսնելով պատժամիջոցները շրջանցելու միջոց»։