Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա, հայտնում է newsgeorgia.ge-ն։
«Տվյալ օրենքն, ըստ էության, ռուսական օրենք է, որը հակասում է մեր Սահմանադրությանը և եվրոպական բոլոր չափանիշներին։ Դա խոչընդոտ է հանդիսանում եվրոպական ճանապարհին։ Վետոն իրավաբանորեն հիմնավորված է, և այսօր կներկայացվի խորհրդարան: Օրենքը ենթակա չէ որևէ փոփոխության կամ բարելավման, այն պետք է չեղյալ համարվի», – մեջբերում է հրատարակությունը։
Նշվում է, որ խորհրդարանում վետոն հաղթահարելու համար անհրաժեշտ է առնվազն 76 ձայն, որն ունի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել էր Վրաստանում ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի նպատակներին։
Վրաստանի խորհրդարանն օրինագիծը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել էր մայիսի 14-ին։ Օրինագծի դեմ բողոքի ակցիաները Վրաստանում շարունակվում էին ապրիլի 15-ից։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծն առաջին անգամ ընդունվել էր 2023 թվականի մարտին։ Նախագծի ընդունումից հետո Վրաստանում բողոքի ցույցեր էին սկսվել, ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Մարտի 9-ին Վրաստանի իշխանությունները հայտարարել էին օրինագիծը հետ կանչելու մասին։